Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

Գործարքից հիմնական շահողը բանկին վստահող քաղաքացին է լինելու

Գործարքից հիմնական շահողը բանկին վստահող քաղաքացին է լինելու
31.10.2008 | 00:00

«ԵՎՐԱԲԱՆԿՆ» ԱՐԴԵՆ ՓԱՅԱՏԵՐ Է ՆԱԵՎ «ԱՐԱՐԱՏԲԱՆԿՈՒՄ»
Հոկտեմբերի 29-ին Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ կամ EBRD) համաշխարհային ճգնաժամի մեր օրերում բավականին համարձակ քայլ կատարեց` ձեռք բերելով հանրությանն արդեն լավ հայտնի «Արարատբանկի» 25 տոկոս + 1 բաժնետոմս բաժնեմասը:
«ՄԵԶ ԳՈՀԱՑՆՈՒՄ Է ԱՅՍ ԳՈՐԾԱՐՔԸ»,- ԱՍՈՒՄ Է ՎԶԵԲ-Ի ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՏՆՕՐԵՆԸ
Անշուշտ, սա ուրախալի և նշանակալի երևույթ էր նախ և առաջ բանկի համար, որի խորհրդի նախագահ ԲԱՐՍԵՂ ԲԵԳԼԱՐՅԱՆԸ, վարչության նախագահ ԱՇՈՏ ՕՍԻՊՅԱՆԸ, ՎԶԵԲ-ի Կովկասի, Մոլդովայի և Բելառուսի տարածաշրջանային տնօրեն ՄԱՅՔԼ ԴԵՎԻՆ նույն օրն այդ մասին պայմանագիր ստորագրեցին «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում` բազմաթիվ հյուրերի, ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի և ֆինանսների նախարարի ներկայությամբ:
Ի դեպ, համաշխարհային ճգնաժամի մասին հենց այնպես չնշեցինք. հավանաբար գլխի ընկնելով, որ այդ հարցը և ճգանաժամի պայմաններում բանկի ակտիվության պատճառներն առաջին հերթին են հետաքրքրելու լրագրողներին, պարոն Դևին իր խոսքում միանգամից անդրադարձավ հարցին: «Աշխարհի ֆինանսական շուկաներում, այո, ներկայումս տեղի են ունենում դրամատիկ փոփոխություններ, և «Եվրաբանկը» տարբեր երկրներում իր գործունեությունը կենտրոնացնում է հիմնականում ֆինանսական ճգնաժամը հաղթահարելու ուղղությամբ: Բայց դա Հայաստանի դեպքը չէ. մենք այստեղ կատարել ենք բաժնեմասնակցային ներդրում` 25 տոկոսի չափով, և մեզ գոհացնում է այս գործարքը: Սա «Եվրաբանկի» չորրորդ բաժնեմասնակցային ներդրումն է հայկական բանկերում, ինչն արտահայտում է մեր վստահությունը Հայաստանի բանկային համակարգի նկատմամբ»,- շնորհավորանքներից անմիջապես հետո նշեց ՎԶԵԲ-ի տարածաշրջանային տնօրենը, խոստովանենք` ներկաներին մի փոքր երկիմաստ դատողություններ անելու տեղիք տալով: Դե, նկատի ունենք այն, որ մեր բանկային համակարգը, այնուամենայնիվ, այնքան էլ զարգացած չէ, փաստորեն, որպեսզի «տեղավորվեր համաշխարհային դեպքի շրջանակներում», և հիմա մենք բոլորս, ճակատագրի հեգնանքով, գուցե նաև պիտի փառք տանք Աստծուն դրա համար: Հակառակ դեպքում դժվար է ասել, թե ինչ կարգի և մասշտաբների փլատակների տակ էինք մնալու…
«ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՍՏՈՐԱԳՐՈՒՄԸ ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ՔԱՅԼ Է ՈՂՋ ԵՐԿՐԻ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ»,- ՀԱՄՈԶՎԱԾ Է ԲԱՐՍԵՂ ԲԵԳԼԱՐՅԱՆԸ
Սա, իհարկե, չի նշանակում, թե ճգնաժամն իր ազդեցությունը չի ունեցել Հայաստանի վրա, ինչի մասին մենք քանիցս գրել ենք «Իրավունքը de facto»-ի էջերում, և ինչը նաև մեր առանձին պաշտոնյաներ են խոստովանել իրենց խոսքում, բայց այս պահին թողնենք սա և վերադառնանք «Արարատբանկին», այս անգամ էլ նկատելով, որ ՎԶԵԲ-ի հետ նրա համագործակցությունն ու հիմա էլ աշխատանքի այս նոր ձևաչափը հաստատ նաև մեր հանրության շահերից են բխելու: Հանգամանք, ինչի վրա բոլորի ուշադրությունը հրավիրեց «Արարատբանկի» խորհրդի նախագահ Բարսեղ Բեգլարյանը, նշելով. «Այս պայմանագրի ստորագրումը կարևորագույն քայլ եմ համարում ոչ միայն «Արարատբանկի», այլև ողջ երկրի տնտեսության համար: Իրագործելով նոր ծրագրեր` մենք նպաստելու ենք ոչ միայն մեր երկրի բանկային համակարգի զարգացմանը, այլև նոր խթան ենք հաղորդելու տնտեսությանը»: Ի միջի այլոց, պարոն Բեգլարյանը հատկապես խոստումների իմաստով բավականին ինքնավստահ էր և հենց ինքն էլ փաստեց, թե հիմքեր ունեն իրենց այդչափ ինքնավստահ զգալու համար: Հիշեցնելով բանկի տարիներ առաջվա տխուր վիճակն ու իրենց կողմից հայտարարված «հավակնոտ ծրագրերի իրականացման խոստման մասին»՝ պարոն Բեգլարյանը հպարտությամբ խոսեց իրենց անցած ճանապարհի և «կատարված ահռելի աշխատանքի» մասին` հայտարարելով, թե դրա լավագույն ապացույցը «բանկի ցուցանիշներն են ու հանրության վստահությունը»:
Ի դեպ, ընթերցողին հիշեցնենք, որ այս բանկը (նախկինում` «Հայկապբանկ»), հիմնադրվել է 1991-ին` կապի ոլորտում գործող մի շարք կազմակերպությունների կողմից և արդեն 2004-ին իսկապես բավականին տխուր վիճակում էր հայտնվել: ՈՒստի, ԿԲ-ն որոշեց գնալ բանկի առողջացման ճանապարհով և այն վաճառեց «Ֆլեշ» ՍՊԸ-ին, որի սեփականատերը Բարսեղ Բեգլարյանն է, և հաջորդ տարվանից սկսած, ինչպես փաստում է բանկի ղեկավարությունը, «Արարատբանկի» վերանվանված այս կազմակերպությունը բռնեց «կայուն զարգացման, գործունեության ցուցանիշների շարունակական աճի, միջազգային համագործակցության զգալի ընդլայնման, ծառայությունների տեսականու, ծավալների ավելացման ու մասնաճյուղային ցանցի ընդլայնման» ճանապարհը:
«ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ» ՑՈՒՑԱՆԻՇԱՅԻՆ ՏԵՍՔԸ
Չնայած բանկի վարչության նախագահ Աշոտ Օսիպյանը չկամեցավ «Արմենիա-Մարիոթում» «շատ կենտրոնանալ թվերի վրա», այդուհանդերձ, բանկի «ցուցանիշային տեսքը» իսկապես հետաքրքիր էր, և մամլո բաժնի կազմած տեղեկանքից կարողացանք հետևյալը պարզել. 2008-ի 3-րդ եռամսյակում բանկի ընդհանուր ակտիվներն աճել են 2,67 մլրդ դրամով կամ 10,5 տոկոսով` այս տարվա սեպտեմբերի 1-ի դրությամբ կազմելով 28,3 մլրդ դրամ: Բանկի վարկային ակտիվներն էլ են աճել. միայն այս տարվա սկզբին, օրինակ, դրանք աճել են ուղիղ 3,822 մլրդ դրամով կամ 40 տոկոսով, իսկ արդեն 3-րդ եռամսյակում` 1,023 մլրդ դրամով կամ 8,4 տոկոսով` սեպտեմբերի 1-ի դրությամբ կազմելով 13,241 մլրդ դրամ: Նշենք նաև, որ բանկի ընդհանուր պարտավորությունների ցուցանիշում էլ լուրջ տեղաշարժ կա. 2008-ի 3-րդ եռամսյակում դրանք աճել են 2,5 մլրդ դրամով կամ 12,2 տոկոսով, ընդ որում, ֆիզիկական անձանց ժամկետային ավանդները` 584 մլն դրամով կամ 35,7 տոկոսով: Կարևոր է և այն, որ նշված ժամանակահատվածում բանկի ընդհանուր կապիտալը կազմել է 5,4 մլրդ դրամ, ինչը նշանակում է , որ տարվա սկզբից այն աճել է 795 մլն դրամով կամ 17,2 տոկոսով: Ինչի՞ հաշվին` հարցրինք պարոն Օսիպյանին: Ասաց. «Ոչ միայն ձևավորված շահույթի հաշվին, այլև տարվա սկզբին իրականացված ուղղակի հանրային վաճառքի շնորհիվ, ինչի մասին մենք միշտ տեղյակ ենք պահել լրագրողներին, ասուլիսներ կազմակերպել»: Պարզվեց, որ direct public offering կոչված վաճառքի արդյունքում այս տարի բանկը ձեռք է բերել մոտ 381,5 մլն դրամ, ինչով էլ ավելացրել է իր կանոնադրական կապիտալը:
Գալով կրկին ՎԶԵԲ-ին՝ պարոն Օսիպյանից հետաքրքրվեցինք նաև «Եվրաբանկի» մասնակցության ձևի, ասենք` լրացուցիչ էմիսիաների հնարավորության մասին, ինչին դրական պատասխան տրվեց (ի դեպ, Աշոտ Օսիպյանը, որ բանկային շրջանակներում հայտնի է որպես ճգնաժամային կառավարման մենեջեր, ինչով էլ բացատրվում է նրա սերը անառողջ բանկերն առողջացնելու նկատմամբ, խոստացավ առաջիկայում մեզ հանգամանալից հարցազրույց տալ` անդրադառնալով ոչ միայն իրենց բանկին, այլև առհասարակ բանկային համակարգին, համաշխարհային ճգնաժամին և այլն), իսկ մինչ այդ նա իր խոսքում նշել էր, թե` «սրանով բանկը բացում է իր պատմության նոր էջը, որը լինելու է զարգացման և հաջողությունների էջ»: Ինչո՞ւ, ակնհայտ է: Որովհետև` «Եվրաբանկը» արդյունավետ սեփականատեր է: Ներդնելով լավագույն բանկային տեխնոլոգիաներ, բարելավելով կորպորատիվ կառավարման մշակույթը` այն հնարավորություն է ստեղծում առևտրային բանկերի համար` ֆինանսական շուկայում առաջնային դիրք գրավելու»: Հաճոյախոսությունը, նկատենք, ՎԶԵԲ-ի Կովկասի, Մոլդովայի և Բելառուսի տարածաշրջանային տնօրեն Մայքլ Դևին էր սկսել: Ասաց «Բնականաբար, որքան էլ վստահես երկրին, նախ և առաջ մենք գործընկերոջն ենք վստահում, և այս իմաստով մենք պարոն Օսիպյանին, ում վաղուց գիտենք, շատ ենք վստահում»:
«ԿԱՏԱՐՎԵԼ Է ԼՈՒՐՋ ՔԱՅԼ ՄԵՐ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԵՎ ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ԱՄՐԱՊՆԴԵԼՈՒ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ»
Այս իմաստով լրագրողներս կատակեցինք, թե ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանի «սիրտը չտարավ, որ միայն բանկային համակարգին վստահելու մասին չլսեց», ուստի, շատ արագ առաջ եկավ ու թե` «Իրականում կատարվել է լուրջ քայլ մեր ֆինանսական և բանկային համակարգի ամրապնդման ուղղությամբ», և որ միայն այն փաստը, որ ՎԶԵԲ-ի ներդրումը հայկական բանկում կատարվել է միջազգային ֆինանսական ճգնաժամի պայմաններում, վկայում է, որ «Հայաստանի բանկային համակարգը ոչ միայն կարող է դիմակայել ճգնաժամին, այլև զարգանալ ու դեռ միջոցներ էլ ներգրավել ՎԶԵԲ-ից»:
Անշուշտ, Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանն էլ իր խոսքն ասաց այս առիթով, և շեշտեց, որ բացի «Արարատբանկում» ավանդույթ դարձած «բարձր կառավարման մենեջմենտի գնահատումից»` «Եվրաբանկի» այս ներդրումը վստահության ևս մեկ ապացույց է միջազգային ֆինանսական կառույցներից Հայաստանի բանկային համակարգի և հայկական արժույթի նկատմամբ, քանի որ ներդրումը կատարվել է հայկական դրամով»…
«ՄԵՐ ԲԱՆԿԵՐԸ ՈՉ ՄԻԱՅՆ ԼԻԿՎԻԴԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԽՆԴԻՐ ՉՈՒՆԵՆ, ԱՅԼԵՎ ԳԵՐԿԱՊԻՏԱԼԱՑՎԱԾ ԵՆ ԵՎ ԳԵՐԻՐԱՑՎԵԼԻ»
Չխորանանք և միայն ամփոփենք, որ ներկաներն ընդհանուր հայտարարի եկան այն իմաստով, որ այս գործարքից հիմնական շահողը, ի վերջո, հաճախորդը, այսինքն` բանկին վստահող քաղաքացին է լինելու, ում ոչ միայն կոնկրետ բանկի կողմից տրամադրվող ծառայությունների տեսականին ու որակը, այլև առհասարակ երկրի ընդհանուր ֆինանսական կայունությունն է հետաքրքրում:
-Ի՞նչ վիճակ է հիմա այս առումով,- քանի որ արդեն շատ էր շտապում, «ոտքի վրա» հարցրինք ԿԲ նախագահին:
-Նորմալ: Չէ, իսկապես շատ կայուն վիճակ է հիմա, և կարող եմ վստահեցնել, որ մեր բանկերը ոչ միայն լիկվիդայնության հետ խնդիր չունեն, այլև, ինչպես ասում են, գերկապիտալացված են և գերիրացվելի: Վարկավորման տեմպերն էլ չեն նվազել, ձեզ հիմնականում հետաքրքրող հիպոթեքային վարկավորումն էլ, եթե չեմ սխալվում, 50 տոկոսից ավելի է արդեն: Ուղղակի պայմաններն են խստացել:
-Որ ի՞նչ` որ հանկարծ Ամերիկայի պես «էդ բուրգի տակ չմնա՞նք»…
-Չէ, չի՛ լինի էդպես մեզ մոտ, բայց զգուշությունը վատ բան չէ… Համենայն դեպս, համաշխարհային ճգնաժամի ուղղակի, շատ մեծ ազդեցություն չկա. դրա մասին հաստատ կարող եք գրել…
Գոհար ՍԻՄՈՆՅԱՆ

Դիտվել է՝ 9594

Մեկնաբանություններ